суббота, 9 января 2016 г.

Մարգարիտ

Մարգարիտ, փափկամարմինների (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարիտ բառը, բազմաթիվ մշակույթներում ստացել է նաև փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։
Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։
Ընդհանրապես, կարծիք կա, որ մարգարիտն անմիջական կապ ունի մի շարք տիեզերական մարմինների հետ, որոնք ոչ միայն պայմանավորում են նրա ծնունդը, այլև կյանքը (թանկարժեք քար լինելուց բացի մարգարիտը նախ և առաջ կենդանի քար է), այսպես, մարգարտի ծագումը և աճը հաճախ կապվում է Նեպտունի էներգիայի հետ, նրա գերզգայնաթյունը և էներգիան համարվում են Լուսինի «ընծան», լավ ճաշակի նշան և շքեղության տարր լինելը պայմանավորում է Վեներան։
Ինչևէ, Ռուսաստանում այն հայտնի դարձավ միայն 10-րդ դարում, իսկ 13-17-րդ դարում այն ազնվականների հագուստի, կանացի գլխազարդերի և անգամ հոգևորականության հանդերձանքի զարդարման համար օգտագործվող ամենանախընտրելի քարն էր։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները գետի մարգարիտը ևս օգտագործում էին իբրև զարդեր։ Հարավային ծովամերձ երկրներում, բնականաբար, առավել ընդունված էր ծովային մարգարիտը, որի լավագույն տեսակներն էին համարվում Պարսից ծոցից կամ Պոլինեզիայի լագունաներից «պեղած» մարգարտահատիկները։ Այսօր ևս մարգարիտի որսը շատ ծանր և վտանգավոր զբաղմունք է։ «Որսորդները» դրանք ձեռք բերելու համար նախ ծովերի հատակներից հավաքում են փափկամորթներին, և միայն ափին բացում են դրանց խեցիները։ Սովորաբար 30-40 խեցիներից միայն մեկում է մարգարիտ լինում։ Չնայած երբեմն մեկ խեցում կարող են լինել 2-3 կամ նույնիսկ ավել մարգարտահատիկներ։                                                                                                                                                                         

Չափսերը, գույնն ու ձևը                                                                    Մարգարտի չափերը ևս տարբերվում են. հանդիպում են ասեղագլխի չափից մինչև աղավնու ձվի չափ ունեցող մարգարիտներ։ Մինչ այժմ գտնված 450 կարատ մեծությամբ ամենամեծ մարգարիտը պահվում է Լոնդոնի Երկրաբանական թանգարանում։ Հենց անգլիական արքայական թագն են զարդարում նաև ամենահայտնի սև մարգարիտները։

Մարգարիտը կարող է լինել սպիտակ, դեղնավուն, կրեմագույն, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն կամ երկնագույն։ Իսկ ըստ ձևի այն կարող է լինել՝ կանոնավոր, գնդաձև, կիսագնդաձև, երկարավուն, արցունքաձև, ինչպես նաև՝ լինել «պարագոն»՝ ունենալ օրինակ գորտ կամ ձիու գլուխ հիշեցնող ձև։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական մարգարիտներին։                                                                                                                                    

Բնականի և արհեստականի տարբերումը                                    Միմյանցից կարելի է տարբերել անգամ ամենապարզ մեթոդով, օրինակ՝ մարգարտահատիկն ատամներով սեղմելով, կամ պինդ մակերեսին հարվածելով։ Բնական մարգարիտը՝ իր հարաբերական փափկությամբ հանդերձ տվյալ դեպքերում ամբողջական կմնա, իսկ արհեստականը ամենայն հավանականությամբ կփխլվի և կփշրվի։ Սակայն, պետք է նշել, որ արհեստական մարգարտի ստեղծումը բնականի որսումից ոչ պակաս բարդ գործ է։                                  Արժեքը                                                                                           Իսկ ինչ վերաբերում է մարգարտի արժեքին, ապա դրա գինն աճում է տրամագծի յուրաքանչյուր միլիմետրի հետ։ Բացի չափերից գնի վրա ազդում են նաև մարգարտի վրա հանդիպող բծերն ու անհարթությունները, փայլը, գույնը։ Իսկ սրանք հանգամանքներ են, որ նախ և առաջ պայմանավորված են մարդկային համբերությամբ, քանի որ կապված են այն բանի հետ, թե որքան ժամանակ է մարգարիտն աճեցվել, որքան երկար է մարգարտի աճման պրոցեսը, այնքան ավելի արտասովոր և խորհրդավոր է նրա փայլը։ Հայտնի են, օրինակ դեպքեր, երբ չափերով և նրբերանգներով իրարից շատ չտարբերվող սև մարգարիտներից մեկ կոլյե ստեղծելու համար պահանջվել է 12 տարի։ Այս տեսակետից այսօր առավել «երկար սպասված» և հարգի են վարդագույն մարգարիտները։ 


Комментариев нет:

Отправить комментарий